«Կանանց և երիտասարդների հզորացում քաղաքականության մեջ»

2019 թ-ի դեկտեմբերի 21-ին հրավիրված ամփոփիչ աշխատաժողովով ավարտվեց «Կանանց և երիտասարդների հզորացում քաղաքականության մեջ»  ծրագիրը:

Երևանում կայացած աշխատաժողովին ներկա էին ծրագրի շրջանակներում 4 մարզերում անցկացված դասընթացներին 6 կուսակցությունների կողմից ներկայացված ակտիվ մասնակիցները,  ՀՀ ԱԺ նախորդ և ներկա գումարման պատգամավորներ, արտախորհրդարանական կուսակցությունների ղեղավարներ և անդամներ:

Աշխատաժողովը ևս մեկ հնարավորություն էր մասնակիցների համար, տեղում հարցադրումներ անելու ինչպես Ազգային Ժողովի պատգամավորներին, այնպես էլ արտախորհրդարանական կուսակցությունների նախկին պատգամավորներին և ներկայացուցիչներին: Հյուրերը ներկայացրեցին իրենց կուսակցություններում կանանց և երիտասարդների համար իրականացվող ծրագրերն ու տարվող քաղաքականությունը, պատասխանեցին մասնակիցների հարցերին, ինչի համար շնորահակալություն ենք հայտնում բոլորին և հույս հայտնում, որ առաջիկայում կլինեն նոր հնարավորություններ կրկին հանդիպելու և քննարկումներ ծավալելու համար:

Աշխատաժողովի երկրորդ մասը լիովին հատկացվեց ծրագրի հիմնական նպատակի իրագործմանը. այն է՝ կուսակցությունների միջև ստեղծել համագործակցություն և անկախ կուսակցական պատկանելությունից լուծել մարզերում անցկացված դասընթացների ժամանակ վեր հանված համայնքային կամ ազգային մակարդակի խնդիրներ, որոնցից մասնակիցները երևանյան աշխատաժողովի ժամանակ առանձնացրեցին առավել արդիական 5 հիմնախնդիրներ (3-ը ՏԻՄ և 2-ը ԱԺ մակարդակի): Նախատեսվում է ամանորյա տոներից հետո  սկսել  նպատակային  շահերի  պաշտպանություն՝ ըստ ոլորտների:

Հատուկ շնորհակալություն «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանին, ով ներկայացրեց ՀՀ-ում ընտրական գործընթացի և  «Կուսակցությունների մասին» օրենքի նախագծի առանցքային փոփոխությունները, ինչպես նաև պատասխանեց ներկաներին հուզող հարցերին:

Շնորհակալություն ենք հայտնում բոլոր մասնակիցներին, ՀՀ ԱԺ 4-րդ գումարման պատգամավոր Լիլիթ Գալստյանին («ՀՅԴ»), 5-րդ, 6-րդ և 7-րդ գումարումների պատգամավոր Կարինե Պողոսյանին («ԲՀԿ»), 6-րդ գումարման պատգամավոր  Լուիզա Սարգսյանին («ԲՀԿ»), 7-րդ գումարման պատգամավոր Աննա Կոստանյանին («ԼՀԿ»), մարզային դասընթացների ընթացքում մեզ հյուրընկալված Վանաձորի ավագանու անդամ Հայկազ Սիմիկյանին և ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր Հրանտ Այվազյանին («ԼՀԿ»),  արտախորհրդարանական կուսակցությունների ներկայացուցիչներին, մեր հմուտ դասընթացավարներ Նունե Պեպանյանին, Արմենուհի Կյուրեղյանին և ծրագրի փորձագետ Կարեն Սարգսյանին արդյունավետ համագործակցության համար և հուսով ենք, որ կշարունակենք որոշումների կայացման գործընթացում մարզերի բնակիչների համար մասնակցության խթանմանն ուղղված  ծրագրերի իրականացումը: