«Կանանց ներգրավվածությունը համայնքային մակարդակում»

Օգոստոսի 20-22-ին Երևանում «Կանանց ներգրավվածությունը համայնքային մակարդակում» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ ևս մեկ հանդիպում Գեղարքունիքի մարզի կանանց և երիտասարդների համար: Եռօրյա հանդիպման ընթացքում մասնակիցները այցելեցին Ազգային ժողով, հանդիպում ունեցան Ազգային ժողովի Աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանի հետ: Մասնակիցները ծանոթացան Ազգային ժողովի մշտական հանձնաժողովի աշխատանքներին, պատգամավորական գործունեությանը, ինչպես նաև հնարավորություն ունեցան իրենց հետաքրքրող հարցերի շուրջ երկխոսություն ծավալել, ստանալ լիարժեք պատասխաններ: Հանդիպման ավարտին տիկին Տիգրանյանը կազմակերպության ներկայացուցիչներին հրավիրեց առաջիկայում ակնկալվող խորհրդարանական լսումներին և խրախուսեց երիտասարդ կանանց՝ լինել ակտիվ և մասնակից լինել քաղաքականությունների մշակման գործընթացներում: Դասընթացի հաջորդ օրերին մասնակիցները ծանոթացան ծրագրային գաղափարից մրցունակ հայտեր ներկայացնելու տեխնիկային, ստացան նոր գիտելիքներ համայնքային խնդիրների առաջնահերթությունները որոշելու և նպատակային ծրագրեր իրականացնելու վերաբերյալ, ինչպես նաև ծանոթացան շահերի պաշտպանության ծրագրերի տրամաբանական կառուցվածքի տեխնիկական նկարագրին՝ գործնական աշխատանքների միջոցով ամրապնդելով իրենց գիտելիքները: Դասընթացն ավարտվեց 4 խմբերում քննարկված և առաջնահերթ լուծում պահանջող շահերի պաշտպանության ծրագրերի մշակմամբ, որոնք պետք է իրականացվեն Գեղարքունիքի մարզի տարբեր համայնքներում արդեն իսկ ձևավորված կանանց առաջնորդության ակումբների անդամների կողմից՝ ըստ մշակված ժամանակացույցի: Առաջնորդության ակումբների հետագա աշխատանքների և հաջողությունների մասին կներկայացնենք առաջիկայում: