Սիրով տեղեկացնում ենք, որ «Սոսե Կանանց հիմնահարցեր» ՀԿ-ն, համագործակցելով «ԿՎինա թիլ Կվինա» կազմակերպության հետ, սկսել է նոր նախագիծ, որի շրջանակներում արդեն իրականացվել են հանդիպումներ Սիսիան համայնքի #Հացավան և #Ույծ բնակավայրերում։
Հանդիպումների ընթացքում կանանց և երիտասարդների հետ քննարկվել են ընտանիքի պլանավորման և դրական ծնողավարման թեմաները, որոնց շրջանակներում առանձին անդրադարձ է կատարվել նաև վերարտադրողական առողջության, երեխաների սեռական կրթության, ինչպես նաև ընտանիքում առողջ և վստահելի հաղորդակցության ձևավորման կարևորությանը։
Քննարկվել են երեխաների հետ տարբեր տարիքային փուլերում հաղորդակցության առանձնահատկությունները, ծնողների առջև ծառացող մարտահրավերները, տարածված սխալ մոտեցումներն ու կարծրատիպերը, որոնք հաճախ խոչընդոտում են երեխայի առողջ զարգացմանն ու ընտանիքում փոխըմբռնման ձևավորմանը։
Հանդիպումների ընթացքում ստեղծվել է ապահով, ջերմ և վստահության վրա հիմնված միջավայր, որտեղ յուրաքանչյուր մասնակից հնարավորություն է ունեցել կիսվելու անձնական փորձով և օրինակներով, քննարկելու սեփական մոտեցումները, ինչպես նաև ստանալու նոր գիտելիքներ և գործնական առաջարկություններ։ Մասնակիցները ակտիվորեն ներգրավվել են քննարկումներում, խմբային աշխատանքներում և փորձի փոխանակման գործընթացում, ինչը նպաստել է թեմաների առավել խորքային ընկալմանը և նոր հմտությունների ձևավորմանը։
Հանդիպումներն անցել են ակտիվ, կառուցողական և դրական մթնոլորտում՝ ընդգծելով նմանատիպ նախաձեռնությունների կարևորությունը։
Ծրագրի ընթացքում նախատեսվում են նաև նոր հանդիպումներ և քննարկումներ այս և հարակից թեմաներով, որոնք հնարավորություն կտան մասնակիցներին զարգացնելու և բարելավվելու իրենց գիտելիքներն ու հմտությունները։

