«Կանայք կարող են ոչ միայն իրենց համար ճանապարհ հարթել, այլ նաև օգնել այլ կանաց առաջ գնալու համար», «Ես չեմ պատկերացնում իմ կյանքն առանց քաղաքականության», այսպիսի ոգեշնչող խոսքերով մեր հյուրերը ողջունեցին հանդիպման ներկաներին։
«Հզորացնել կանանց կարողությունները հավասար առաջխաղացման համար Հայաստանում» ծրագրի շրջանակներում մասնակիցները այս անգամ հնարավորություն ունեցան հանդիպել Ազգային Ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Էլինար Վարդանյանի, Արմենուհի Կյուրեղյանի և Լիլիթ Գալստյանի, ինչպես նաև կրկին հանդիպել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Ալխաս Ղազարյանի և Տաթևիկ Գասպարյանի հետ։
Պատգամավորներն իրենց փորձով և անցած ճանապարհով կիսվեցին կանանց հետ, պատասխանեցին մասնակիցներին հուզող հարցերին։ Կարևորելով կանանց ներգրավվածությունը որոշումների կայացման գործընթացում, պատգամավոր կանայք իրենց անցած ճանապարհի մասին խոսելով, խրախուսեցին մասնակիցներին առավել ակտիվ լինել համայնքներում և մասնակիցը լինել սեփական երկրի զարգացմանն ու մասնակցային որոշումների կայացմանը։
Հանդիպման մասնակիցնեը ստացան նաև նախորդ հանդիպման ժամանակ իրենց կողմից բարձրացված հարցերի պատասխանները «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Ալխաս Ղազարյանի և Տաթևիկ Գասպարյանի կողմից։
Ուրախ ենք նշել , որ այդ հարցերի մեծ մասն արդեն ստացել են լուծումներ, ինչի համար շնորհակալություն ենք հայտնում հարգարժան պատգամավորներին և հուսով ենք, որ դեռևս չլուծված խնդիրները կշարունակեն մնալ օրենսդիրի ուշադրության ներքո և ապագայում դրանց ևս կտրվեն համապատասխան լուծումներ։