Հանդիպում Սիսիան համայնքում
«Սոսե կանանց հիմնահարցեր» ՀԿ-ն շարունակում է ծնողների համար նախատեսված հանդիպումների շարքը։
Ծնողավարությունը սկսվում է ոչ միայն երեխային դաստիարակելուց, այլև մեր պատկերացումները վերանայելուց։ Այն համոզմունքները, որոնք երբեմն փոխանցվում են սերնդեսերունդ, կարող են ազդել երեխայի հետ մեր հարաբերությունների վրա։
Միֆ 1․ «Եթե երեխայի վրա չբղավես կամ չպատժես, նա երես առած կմեծանա և չի հարգի ծնողին»։
Իրականում պատիժն ու վախի վրա հիմնված դաստիարակությունը չեն ձևավորում իրական հարգանք։ Վախի մթնոլորտում երեխան կարող է թաքցնել իր սխալները, խուսափել խոսելուց և իր ապրումներով կիսվելուց։
Միֆ 2․ «Դեռահասների հետ հնարավոր չէ լեզու գտնել․ նրանք պարզապես անտանելի են դառնում»։
Դեռահասությունը բարդ, բայց բնական զարգացման փուլ է։ Այս տարիքում երեխան փորձում է հասկանալ ինքն իրեն, ձևավորել իր ինքնությունը, ինքնահաստատվել և ավելի մեծ անկախություն ձեռք բերել։
Երբ ծնողը կարողանում է լսել, համբերատար լինել և հասկանալ դեռահասի վարքի հետևում թաքնված զգացողություններն ու կարիքները, հնարավոր է կառուցել ավելի վստահելի և ամուր հարաբերություններ։
Լավ ծնող լինելը չի նշանակում կատարյալ ծնող լինել։
Լավ ծնողը սովորում է, լսում, հասկանում, ընդունում և անհրաժեշտության դեպքում փոխվում՝ երեխայի հետ միասին։
