«Կվինա թիլ Կվինա» կազմակերպության հետ համագործակցության շրջանակում «Սոսե» ՀԿ-ն Կապան համայնքի կանանց և աղջիկների համար կազմակերպել էր հետաքրքիր և բովանդակալից հանդիպում։
Հանդիպման ընթացքում մասնակիցները հնարավորություն են ունեցել քննարկելու մի շարք կարևոր և զգայուն թեմաներ, ինչպիսիք են առողջ և անառողջ հարաբերությունները, ընտանեկան բռնությունն ու դրա հետևանքները, կանխարգելման ուղիներն ու աջակցության հնարավորությունները։
Հանդիպումն անցել է ակտիվ քննարկումների, հարցադրումների և փորձի փոխանակման մթնոլորտում։ Քննարկումներին առանձնահատուկ հետաքրքրություն են հաղորդել նաև արտթերապևտիկ վարժությունները, որոնք մասնակիցներին հնարավորություն են տվել ավելի ազատ արտահայտելու իրենց մտքերն ու զգացողությունները։
Հանդիպման կարևոր նպատակներից էր ոչ միայն նպաստել իրազեկվածության բարձրացմանը, այլև ստեղծել ապահով և վստահելի միջավայր, որտեղ կանայք և աղջիկները կարող են անկաշկանդ արտահայտվել, կիսվել իրենց փորձով, լսել միմյանց և փոխադարձ աջակցություն ստանալ։
