Skip to content

Ամփոփիչ հանդիպում «Վերարտադրողական առողջություն և սեռական դաստիարակություն » ծրագրի շրջանակներում

2019 թվականի դեկտեմբերի 24-ին Գորիսի Եղևնուտ հյուրանոցում տեղի ունեցավ «Վերարտադրողական առողջություն և սեռական դաստիարակություն » ծրագրի ամփոփիչ հանդիպումը:

Հանդիպմանը ներկա էին  Սյունիքի մարզի մի շարք  դպրոցների տնօրեններ, մանկավարժներ (կենսաբանություն և ֆիզդաստիարակություն առարկաների), հոգեբաններ, ծնողներ, աշակերտներ և ուսանողներ, ծրագիրը իրականացրած դասընթացավարներ և ոլորտի փորձագետ:

Հանդիպման սկզբում «Սոսե  Կանանց  Հիմնահարցեր» ՀԿ-ի նախագահը ողջունեց ներկաներին և ներկայացրեց հանդիպման նպատակը, ինչպես նաև խոսեց ծրագրի իրականացման ընթացքում հանդիպած խոչընդոտների և գրանցած հաջողությունների մասին: Ծրագիր ընթացքում մենք այցելել ենք Սյունիքի մարզի քաղաքային և գյուղական 35 դպրոցներ, անցկացրել իրազեկման դասընթացներ 8-12-րդ դասարանների ավելի քան 3500 աշակերտների համար: Այնուհետև դասընթացավարները ներկայացրեցին դասընթացների իրականացման ամբողջ ընթացքը, որին հաջորդեց «Սոսե  Կանանց  Հիմնահարցեր» ՀԿ-ի կողմից նկարահանված «Առողջ ապրելակերպ» կարճամետրաժ ֆիլմի ցուցադրումն ու քննարկումը:

Հանդիպման ընթացքում ելույթ ունեցան նաև կենսաբանության և ֆիզդաստիարակության ուսուցիչներ, ովքեր ներկայացրեցին թեմայի կարևորությունը, դասավանդման և մատուցման իրենց մեթոդները, կիսվեցին իրենց փորձառությամբ:

Հոգեբանը, ծնողները, ուսանողներն ու աշակերտներն իրենց տեսակետները հայտնեցին թեմայի կարևորության վերաբերյալ:

Ծրագրի փորձագետը իր մասնագիտական վերլուծություններն ու կարծիքը ներկայացրեց՝ ընդգծելով մեր կատարած աշխատանքների կարևորությունն ու արդիականությունը:

Վերջում ելույթ ունեցավ Շինուհայրի միջնակարգ դպրոցի տնօրեն Շիրազ Գրիգորյանը, ով  շնորհավորեց  «Սոսե  Կանանց  Հիմնահարցեր» ՀԿ-ի անձնակազմին ծրագիրը հաջողությամբ իրականացնելու համար և խորին շնորհակալություն հայտնեց դպրոց-հասարակական կազմակերպություն արդյունավետ համագործակցության համար: