«ՍՈՍԵ կանանց հիմնահարցեր» հասարակական կազմակերպությունը (Սոսե) Եվրասիա համագործակցություն հիմնադրամի (ԵՀՀ), «Սոցիես» փորձագիտական կենտրոն հասարակական կազմակերպության (Սոցիես), Բուն TV հիմնադրամի (Բուն TV) և «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» հասարակական կազմակերպության (ԴԵՀԿ) հետ միասին (այսուհետև՝ ԴԱՏԱ–ի գործընկերներ) ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության գործընկերությամբ և օժանդակությամբ իրականացնում է «Տվյալներ հաշվետու և թափանցիկ գործունեության համար» (ԴԱՏԱ) ծրագիրը, որը մեկնարկել է 2020 թվականի հունիսին և կիրականացվի մինչև 2022 թվականի մայիսը։
ԴԱՏԱ ծրագիրը կմեկնարկի տարբեր ոլորտների ներկայացուցիչների հետ գործարար կապերի հաստատմանն ուղղված քննարկումներով, որոնք կօգնեն գնահատելու Հայաստանում քաղաքականությունների մշակման գործընթացում կարողություններն ու կարիքները, և դրանց լուծման համար կմշակվեն կարողությունների զարգացման ծրագրեր: Կներգրավվեն նաև միջազգային փորձագետներ: Կիրականացվեն լայն իրազեկման գործողություններ մարզերում, ինչը նպատակ կունենա հնարավորինս մեծ թվով ՔՀԿ–ների և այլ կազմակերպությունների տեղեկացնելու ծրագրի և դրա հնարավորությունների մասին: ԴԱՏԱ–ի գործընկերները կմշակեն նաև փաստահեն քաղաքականությունների ամբողջ «արժեշղթայի» մոտեցումը և կկազմակերպեն նախաձեռնող խմբերի կարողությունների զարգացման դասընթացներ:
Երկրորդ փուլում ֆինանսական աջակցություն կտրամադրվի չորս գործընկերներից/կազմակերպություններից կազմված չորս համընկերությունների՝ ոլորտային ծրագրերն իրականացնելու նպատակով. կստեղծվեն նրանց կարողությունների զարգացման և մասնագիտական աջակցության հնարավորություններ։
Նախատեսվում է նաև աջակցել ավելի մեծ թվով շահառուների՝ տրամադրելով նրանց պրակտիկայի և հետազոտական աշխատանքների աջակցության կրթաթոշակներ:
ԴԱՏԱ ծրագիրը կօգնի խթանելու «ներքևից վերև որոշումների կայացման» մշակույթը Հայաստանում՝ ցույց տալով, թե ինչպես են նախաձեռնող խմբերի արձանագրած տվյալները ավելի հիմնավորված դարձնում բարեփոխման առաջարկությունները, նպաստում առավել արդյունավետ քաղաքականությունների մշակմանն ու իրականացմանը։